Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 18-35 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԿՍՆԱԿ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն Հայաստանի երիտասարդության ձեռնարկատիրության զարգացմանը» ծրագիրը:

Ծրագրի գործընկերն է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), որը ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ է մատուցելու երիտասարդ ձեռներեցներին՝ ձեռնարկատիրությանը վերաբերող և մասնագիտացված դասընթացների, խորհրդատվության և տեխնիկական օգնության միջոցով:

Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել երիտասարդների ղեկավարած ձեռնարկությունների ստեղծմանն ու ընդլայնմանը, դրանով իսկ նպաստելով տեղական մասնավոր հատվածի կայուն զարգացմանը և կրճատելով տարածաշրջանների միջև առկա սոցիալական անհավասարությունները:

Ինչպես տեղեկացնում են ՓՄՁ ԶԱԿ-ի Մամուլի ծառայությունից՝ արդեն ավարտվել է Ծրագրի նախապատրաստական փուլը և ներկայումս սկսվում է իրականացումը, որի համար որպես փորձնական մարզեր են ընտրվել Շիրակն ու Լոռին:  

Հաշվի առնելով Հայաստանի հասարակական ոլորտի և աշխատաշուկայի սահմանափակ կարողությունները, տնտեսության ձեռնարկատիրական ոլորտում մարզերի երիտասարդներին ներագրավելու համար առկա խոչընդոտները՝ ծրագիրը հատկապես ուշադրություն է դարձնելու ՄԱԱԶԿ-ի և  ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ)-ի կողմից Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդ ստեղծելուն, ինչը պոտենցիալ երիտասարդ ձեռնարկատերերին կապահովի մատչելի վարկերի հասանելիություն և հնարավորություն կտա նրանց իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի: Շրջանառու ֆոնդի համար ՄԱԱԶԿ-ն և ՓՄՁ ԶԱԿ-ը կատարելու են ներդրում՝ յուրաքանչյուրը 200.000 եվրո գումարի չափով: Հետագայում ՄԱԱԶԿ-ն կիրականացնի գործողություններ՝ միտված  բիզնեսին աջակցող տեղական հաստատությունների կարողությունների հզորացմանը:

Ծրագրի ուղղակի շահառուներն են լինելու 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները, հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդ ընտանիքներին  և կանանց:

Ակնկալվում է, որ մոտավորապես 300 պոտենցիալ և գործող երիտասարդ ձեռներեցներ (50%-ը կանայք) կվերապատրաստվեն, երիտասարդների կողմից ղեկավարվող մինչև 80 գործող և սկսնակ բիզնեսներ կստանան ֆինանսական միջոցներ Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդից,  կկարողանան մարել վարկերը և առնվազն 55-ը կշարունակեն աճել՝ ստեղծելով ավելի շատ աշխատատեղեր երիտասարդների համար: Բիզնեսների կայունությունն ապահովելու և ձախողման ռիսկը նվազեցնելու նպատակով, սկսնակ բիզնեսի փուլն անցնելուց հետո ևս երիտասարդ ձեռնարկատերերին կշարունակվի տրամադրվել աջակցություն ուսուցման, մոնիտորինգի  և ուղեկից գործողությունների միջոցով:

Սպասվում է, որ ծրագիրը կնպաստի կայուն տնտեսական աճի զարգացմանը՝ ձեռնարկատիրության և ինքնակառավարվող կայուն բիզնեսների զարգացմանը աջակցելու և երիտասարդ տղամարդկանց և կանանց համար աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Ծրագիրը հնարավորությու կտա երիտասարդության շրջանում ձևավորելու և կյանքի կոչելու  նորարարական և ստեղծագործական բիզնես գաղափարներ: Ակնկալվում է նաև, որ արտադրական և ձեռնարկատիրական գործունեությունը խթանելու արդյունքում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ,  կնվազի աշխատանք փնտրելու նպատակով արտագաղթը, կակտիվանա գյուղական վայրերի տնտեսական գործունեությունը՝ կրճատելով ինչպես տարածքային անհամաչափ զարգացումը, այնպես էլ  գենդերային անհավասարությունները:

Share