Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ID-ՔԱՐՏԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Բոլոր մարմինները պետք է սովորեն և պատրաստ լինեն աշխատել ID-քարտերով: Այսօր՝ մարտի 21-ին, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն՝ անդրադառնալով այն բողոքներին, որոնք կապված են ID-քարտերի հետ. կան օրինակներ, երբ տարբեր մարմիններ հրաժարվում են միայն ID-քարտով սպասարկելուց և պահանջում են նաև անձնագիր։ 

«Ունենք բողոքներ, որ, չնայած այն հանգամանքին, որ մենք օրենսդրությամբ սահմանել ենք, որ ID-քարտը կարող է փոխարինել անձնագիրը, բայց բազմաթիվ օղակներում քաղաքացուց, բացի ID-քարտից, պահանջում են նաև անձնագիր, ինչը չի համապատասխանում մեր օրենսդրության պահանջներին», – նշել է Տիգրան Սարգսյանը և  ընդգծել, որ եթե օրենսդրությունը պահանջում է և քաղաքացին ներկայացնում է նույնականացման իր քարտը, ուրեմն բոլոր մարմինները պարտավոր են ծառայությունը մատուցել այդ քարտով։  

Վարչապետը նշել է, որ բոլոր գերատեսչություններին կհանձնարարվի օրենքի այդ նորմը կիրառելի դարձնել և ընդգծել, որ այս պահի դրությամբ Հայաստանում կան բավարար քանակի քարտ կարդացող սարքեր:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու պարտադիր կենսաթոշակային ապահովագրական համակարգը։ Ենթադրվում է, որ շուրջ 270 հազար քաղաքացիներ իրականացնելու են վճարումներ իրենց անհատական հաշիվների վրա և իրավունք պետք է ունենան ստանալ տեղեկատվություն, թե իրենց հաշիվների վրա ինչքան գումար է կուտակվել և պետությունն ինչպես և ինչ ծավալով է ավելացրել իրենց գումարները։ Դա ենթադրում է, որ նրանք կարող են օգտվել իրենց նույնականացման` ID քարտերից։  

Կենտրոնական բանկի պարզաբանմամբ՝  կենսաթոշակային ռեֆորմի ներքո դեպոզիտարիայի մուտքը միայն նույնականացման քարտով է հնարավոր` անվտանգությունն ապահովելու համար։

Share