Տնտեսական

Բաթումին չի կարողանում գլուխ հանել զբոսաշրջիկների հսկայական հոսքից

Այս տարի Բաթումին գերբեռնված է զբոսաշրջիկներով: Զբոսաշրջային հոսքը դեպի Բաթումի զգացվում է և ճանապարհներին, և լողափերին, և խանութներում ու ժամանցի վայրերում:

Հյուրանոցի սեփականատեր, Iberia Tours Plus տուրիստական ​​ընկերության հիմնադիր Մայա Մուրակաշվիլին դա պայմանավորում է Աջարիայի ենթակառուցվածքային զարգացմամբ ու միջազգային մրցանակներով:

Բանախոսը նաև նշել է, որ Բաթումին պատրաստ չէ այսպիսի մեծ հոսքի, ինչը վկայում են դժգոհությունները: Հետևաբար ոլորտի մասնագետները մտահոգություն ունեն, որ առաջխաղացումը բացասական հետևանք չթողնի՝ զբոսաշրջիկների մեծ հոսքի արդյունքում նրանց անհարմարություններ պատճառելով:

Վրաստանի տուրիստական ​​վայրերում գներն ընդհանուր առմամբ ցածր չեն, իր գներով առանձնանում է հատկապես Բաթումին: Այստեղ զբոսաշրջիկների ահռելի հոսքը զգացնել է տվել սպասարկման ոլորտում աշխատողների պակասն ու ոչ լիարժեք պատրաստվածությունը գերակտիվ ռեժիմով աշխատելու համար, տրանսպորտի գերբեռնվածությունը, խցանումները, հերթերը ռեստորաններում և այլն:

Այսպիսով, ստացվում է, որ զբոսաշրջային ենթակառուցվածքները բարելավված, միջազգային արենայում լավ համբավ վայելող Բաթումին այս տարի գերակատարել է ակնկալիքները զբոսաշրջային այցելությունների համատեքստում, սակայն չկանխատեսված ահռելի հոսքի հետևանքով ի վիճակի չի եղել բավարարել այցելուների ակնկալիքները:

Share