Բաժին. Տնտեսական

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:  

Առաջին ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը նշել է, որ նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է պրակտիկայում ի հայտ եկած որոշ խնդիրներով, տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու հանգամանքով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալը անկյունաքարային է անվանել նոր օրենքով նախատեսվող՝ ԱՊՊԱ կտրոնների վերացման հարցը: Կատարվելիք փոփոխությունների արդյունքում՝ ավտոտրասպորտային միջոցի նկատմամբ միայն սեփականության իրավունքի պետական գրանցումը (եթե հաշվառում չի անցնում) չի ենթադրում ԱՊՊԱ պայմանագրի անհրաժեշտություն:

Գլխադասային՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագծերի փաթեթը մանրամասն քննարկվել եւ լրամաշակվել է: Հարակից զեկուցողը կարեւոր փոփոխություն  է համարել ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացն ավտոտրանսպարտային միջոցների հաշվառման գործընթացից տարանջատելը:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկներ եւ դիտողություններ, որոնք, ինչպես հավաստիացրել է հիմնական զեկուցողը, կքննարկվեն առաջինից երկրոդ ընթերցում ժամանակահատվածում:

Share