Բաժին. Տնտեսական

ՔԱԹԱՐԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏԱՐԲԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ փոխվարչապետ, հայ-քաթարական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը հանդիպել է Քաթարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Համադ բին Ջաբեր ալ Թանիի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման եւ, հատկապես, տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր: Հանդիպմանը նշվել է, որ թե հայկական, թե քաթարական կողմը շահագրգռված են հարաբերությունների խորացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության հարցերին, անհրաժեշտ համարել այս տարվա ընթացքում հանձնաժողովի առաջին նիստի անցկացումը` նկատելով, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը եւ արդյունավետ փոխգործակցության հիմք կստեղծի: Քննարկվել են հանձնաժողովի նիստի անցկացման հնարավորություններն ու ժամկետները: Նշվել է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող շուրջ մեկ տասնյակ միջպետական փաստաթղթեր, որոնց ստորագրումն էապես կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը:

Կարեւորվել է նաեւ գործարար շփումների աշխուժացումը, երկու երկրներում կազմակերպվող միջազգային գործարար համաժողովներին, ցուցահանդեսին գործարարների մասնակցության խրախուսումը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերն ընդգծել են Հայաստանի եւ Քաթարի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատման անհրաժեշտությունը:

Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի մասին` նկատելով, որ հատկապես առեւտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ ներուժ: Քաթարի վարչապետը նույնպես ընդգծել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու եւ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը մասնակցելու հնարավորություններով:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդիպել է նաև Քաթարի մունիցիպալ գործերի եւ քաղաքային պլանավորման նախարար Աբդուլռահման բին Խալիֆա ալ Թանիի հետ: Այս հանդիպման ժամանակ զրուցակիցները հեռանկարային են համարել գյուղատնտեսության, գյուղմթերքի արտահանման, քաղաքաշինության ոլորտներում համագործակցությունը: Նշվել է, որ քաթարական կողմը ողջունում է շինարարության ոլորտում հայ մասնագետների ներգրավումը` հաշվի առնելով նրանց փորձն ու հմտությունները, ինչպես նաեւ պատրաստ է ուսումնասիրել հայկական շինանյութի, մասնավորապես, քարի ներկրման հնարավորությունները:

Share