Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Քաթարական խոշոր Hassad Food եւ Mawashi ընկերությունները, որոնք լայն գործունեություն են ծավալում գյուղտնտեսության եւ անասնաբուծության ոլորտում` ապահովելով ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների շուկաների գյուղմթերքի պահանջարկը,  հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս ընկերությունների ներկայացուցիչները տեղեկություններ են ներկայացրել գործունեության ուղղությունների, ծավալների, աշխարհագրության, ապագա ծրագրերի մասին` հեռանկարային համարելով նաեւ Հայաստանի հետ փոխգործակցությունը: 

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության համար կարեւոր գերակայություն է: Նա ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց իրականացումն առաջիկա տարիներին շարունակվելու է:

Փոխվարչապետը ողջունել է Հայաստանի հետ համագործակցելու ընկերությունների մտադրությունը եւ կառավարության անունից աջակցության պատրաստակամություն հայտնել փոխշահավետ ծրագրերի իրականացման հարցում: Նա, մասնավորապես, նշել է, որ հանրապետությունում առկա են գյուղմթերքի, կենդանի անասունների, թարմ մրգի եւ բանջարեղենի, խմելու ջրի, վերամշակող ձեռնարկությունների արտադրանքի` պահածոների, հյութերի, արտահանման հնարավորություններ:

Արմեն Գեւորգյանն ընկերությունների ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Հայաստան` փոխգործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու, հնարավոր ուղղությունները հստակեցնելու համար:

Share