Բաժին. Տնտեսական

ԴԱՆԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՆՆԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Եվրամիության Թվինինգ ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորությամբ, այցելել է Դանիայի Թագավորությունում՝ Դանիայի սննդամթերքի և անասնակերի անվտանգության վերահսկողության գործող համակարգին ծանոթանալու նպատակով: 

Դանիայում հայկական պատվիրակությունը այցելել է «Գիսեֆելդ Քլոսթեր» եղևնիներ արտադրող և արտահանող կազմակերպություն: Կազմակերպության տնօրեն Ջենս Ռիսոմին ներկայացրել է կազմակերպության բազմաբնույթ գործունեությունը և այցելություն է կազմակերպել տնկարաններ, որտեղ Գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է արտադրական մեթոդներին: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդգծել է հետագա համագործակցության կարևորությունն ու կազմակերպության ղեկավարին հրավիրել է Հայաստան` քննարկելու ՀՀ-ում տնկարանների հիմնադրման հնարավորությունը:

Նախարարը հանդիպում է ունեցել նաև ձկնաբուծական տնտեսության ներկայացուցչի հետ և քննարկել է Դանիայի ձկնաբուծության ոլորտում փորձի և տեխնոլոգիաների փոխանցման ու փորձնական ծրագրերի իրականացման հարցը:

Այցի շրջանակներում կայացել է նաև հանդիպում հայկական պատվիրակության և Դանիայի գյուղատնտեսության և սննդի նախարարության անասնաբուժության և սննդամթերքի ադմինիստրացիայի տնօրեն Էսբեն Էդեգ Ռասմուսսենի հետ: Էդեգ Ռասմուսսենը ներկայացրել է կազմակերպության կառուցվածքն ու հիմնական գործառույթները: Հանդիպման ժամանակ նախարարն ընդգծել է հետագա համագործակցության անհրաժեշտությունը` փորձի փոխանակման և Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման ուղղությամբ: Այնուհետև Թվինինգ ծրագրի ղեկավարի տեղակալ Թորսթեն Բերգը նեկայացրել է համակարգային բարելավման պատմությունը և համեմատականներ է անցկացրել Հայաստանի և Դանիայի համակարգերի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ընթացիկ ծրագրերի իրականացման ընթացքը: Թորսթեն Բերգը գոհունակություն է հայտնել ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Պատվիրակությունը հանդիպել է նաև Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության, «ԴԱՆԻԴԱ» զարգացման գործակալության ղեկավարի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ճյուղերը, խնդիրները և հնարավոր համագործակցության ուղղությունները: Եվրոպական հարևանության և Ռուսաստանի դեպարտամենտի ղեկավարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հաստատել է կազմակերպության հետաքրքրությունը հետագա համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես նշվել է, որ կազմակերպությունը հետաքրքրված է համագործակցելու գյուղանտեսության զարգացման մի քանի նախանշված ուղղություններով, որոնք կնպաստեն տնտեսական աճի ապահովմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում: Հանդիպման ավարտին «ԴԱՆԻԴԱ» կազմակերպության ղեկավարը նշել է, որ նախարարության կողմից ներկայացված գերակայությունները կարող են ընդգրկվել կազմակերպության 2014-2016 ծրագրերում: ՀՀ գյուղատնտեսության նախարարը հրավիրել է կազմակերպության ներկայացուցիչներին Հայաստան` հետագա ծրագրերն առավել առարկայական քննարկելու համար:

Նախարարը հանդիպել է նաև «Եվրոֆիշ» կազմակերպության ղեկավար` Աինա Աֆանասևային և քննարկել է կազմակերպությանն Հայաստանի անդմակցության հարցը:

Պատվիրակությունն այցելել է նաև Դանիայի գյուղատնտեսության և սննդամթերքի խորհուրդ, որտեղ Դանիայի արդյունաբերության ֆեդերացիայի տնօրեն` Սյուզի Սթարք Էքստրանդն և սննդամթերքի մասով ղեկավար Գիտտե Հեստեհավը մանրամասնորեն ներկայացրել են սննդամթերքի և անասնակերերի անվտանգության վերահսկողության համակարգը: Հանդիպումները և ուսումնական ծրագիրը շարունակվել է Գյուղատնտեսության և սննդի նախարարությունում` սննդամթերքի անվտանգության վերահսկողություն թեմայով:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեկնել է նաև Յուլանդ թերակղզի, որտեղ այցելություններ է ունեցել խոզաբուծական, անասնապահական և ձկնաբուծական տնտեսություններ: Այցելության հիմնական նպատակն էր ծանոթանալ արտադրության տեխնոլոգիաներին և մասնավորապես սննդամթերքի անվտանգության համակարգերին: Նախարարը հրավիրել է տնտեսությունների ղեկավարներին Հայաստան` գործունեություն ծավալելու և արտադրություն կազմակերպելու համար:

Ծրագրի ավարտին նախարարը վերահաստատել է Հայաստանում սննդի անվտանգության համակարգի բարելավման անհրաժեշտությունը և վերոնշյալ կազմակերպությունների հետ հետագա համագործակցությունն այս ուղղությամբ:

Share