Ռուսական նավթի վրա ԵՄ էմբարգոն բացառություն է կազմում խողովակաշարով մատակարարվող հումքի համար: ԵՄ անդամ երկրները պարտավորվել են գտնել ռուսական նավթին այլընտրանք: Այս մասին հայտարարել է Գերմանիայի տնտեսական հարցերի և կլիմայի պահպանության նախարարությունն ու նշել, որ համայնքում միայն Գերմանիան և Լեհաստանն են ռուսական նավթին փոխարինող գտել:
«Սկզբունքորեն մենք չենք կարող մեկնաբանել պատժամիջոցների հետ կապված հարցերը, որոնք առնչվում են այլ երկրներին: Այնուամենայնիվ, նույնիսկ վեցերորդ պատժամիջոցների փաթեթում ԵՄ անդամ երկրները պարտավորվել են նավթի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ գտնել»:
Ի դեպ, Հունգարիան մտադիր է շարունակել ռուսական նավթ ստանալ: Արդյոք դա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցում չէ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է ռուսական նավթը տարանցել իր տարածքով, եթե այն գնեն եվրոպական ընկերությունները, թեև ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Դրուժբա» նավթամուղը կդադարի գործել: Նա հիշեցրել է, որ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան այժմ նավթ են ստանում դրա միջոցով: