Բաժին. Տնտեսական

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ԿԵՆՏՐՈՆ

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելել է «Արմենիկում» կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև Արմենիկում դեղամիջոցի կիրառման շրջանակներին։

Նախարարը նախ շրջել է կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ Այնուհետև մասնագետները նախարարին մանրամասն ներկայացրել են դեղամիջոցի քիմիական բաղադրությունը, դրա հակավիրուսային, հակաբորբոքային, իմունակարգավորող, հակասեպտիկ և այլ հատկությունները։ Նշվել է, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում գրանցված դեղը ներկայումս լայն կիրառում ունի։

Հայաստանում և Սանկտ Պետերբուրգում վերջին տարիներին կատարված կլինիկական փորձարկումների արդյունքները վկայում են, որ Արմենիկումը, ի տարբերություն շատ այլ միջոցների, չի վնասում առողջ բջիջները, չունի կողմնակի ազդեցություններ, ներազդում է բացիլների կայուն ձևերի վրա։ Մասնագետները նաև կարծիք են հատնել, որ որպես բաց վերքերի սպեղանի, հաջող քննություն է բռնում Արմենիկումի քսուքը։

Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ստեղծել մասնագիտական հանձնաժողով, ամփոփել մինչև այժմ արված հետազոտական ու կլինիկական բոլոր փորձարկումների արդյուքները, դրանք համեմատել դեղի միջազգային շուկայում առկա համանման դեղամիջոցների հետ, և կազմել հստակ ծրագիր ու գործողությունների ժամանակացույց։ Նախարարն առաջարկել է սկզբնական շրջանում Արմենիկումի հետագա գիտական հետազոտություններն ու կլինիկական փորձարկումներն իրականացնել  որպես հակավիրուսային և իմունակարգավորիչ միջոց։ Նա կենտրոնի մասնագետներին հանձնարարել է այդ աշխատանքներն իրականացնել ՀՀ ԱՆ դեղերի և   բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ սերտ համագործակցությամբ։

«Մենք պետք է ավելի համակարգված աշխատանքներ տանենք, որպեսզի գիտական ու կլինիկական լուրջ հիմնավորումներով ընդլայնենք Արմենիկումի գործածության շրջանակները»,-ասել է նախարար Դումանյանը` հանձնարարելով նախապատրաստել հարցի քննարկումը կոլեգիայի առաջիկա նիստերից մեկում։

Share