Բաժին. Տնտեսական

ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԾՐԱԳԻՐԸ

Ապրիլի 2-ին «Էրեբունի» թանգարանում տեղի կունենա մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի վերաբերյալ մամուլի ասուլիս, որը կազմակերպվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» կողմից:

Միջոցառմանը ներկա կլինեն կառավարության պաշտոնյաներ և զբոսաշրջության, տնտեսական զարգացման և մշակութային համագործակցության ոլորտները ներկայացնող միջազգային փորձագետներ: «Ընդհանուր սահմաններ, ընդհանուր լուծումներ» թեմայով ասուլիսին կխոսվի Հայաստանի այն պատմամշակութային և բնության վայրերի մասին, որոնք ընդգրկվելու են BSSRC ծրագրում: Կներկայացվեն զբոսաշրջային ուղին նշելու մանրամասները, ծրագրի ժամանակացույցը, ինչպես նաև ընտրված վայրերում իրականացվելիք համայնքային հետազոտությունները:

Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը 24-ամսյա ծրագիր է, որը կոչված է խթանել միջսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի ավելի քան 173 համայնքներում: Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության «Սևծովյան համագործակցության ծրագիրը», ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը»՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող:

Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ ունենալով հարստացնել այցելուների փորձը և պահպանել մշակութային հուշարձաններն ու կենսաբազմազանությունը:

Share