2012 թվականին զարգացող տնտեսությամբ երկրների կենտրոնական բանկերը վաճառել են, ընդհանուր առմամբ, 45 մլրդ եվրո, ինչի արդյունքում եվրոպական միասնական արժույթում այս երկրների ներդրումները կրճատել են շուրջ 8%-ով: Այս մասին վկայում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալները:
Ինչպես փաստում են վերլուծաբաններն՝ այս իրավիճակը խոսում է այն մասին, որ եվրոպական պարտքային ճգնաժամը զգալի բացասական ազդեցություն է թողել եվրոյի՝ որպես միջազգային արժույթ ֆինանսական շուկաներում ունեցած դերի վրա, ինչպես նաև թուլացրել է եվրոպական միասնական արժույթի դիրքը ԱՄՆ դոլարի նկատմամբ և կրճատել այս արժույթի հնարավորությունները՝ որպես միջազգային պահուստային արժույթ փոխարինել ԱՄՆ դոլարին: Կանխատեսվում է, որ դեռևս երկար ժամանակ եվրոն կմնա որպես 2-րդ միջազգային արժույթ՝ լուրջ վտանգ չներկայացնելով ԱՄՆ դոլարի համար:
Նշենք, որ ներկայում զարգացող տնտեսությամբ երկրների պահուստների միայն 24%-ն է բաժին ընկում եվրոյին, ինչը նվազագույն ցուցանիշն է՝ 2002 թվականից ի վեր: Նշենք, որ այս ցուցանիշն իր առավելագույն մակարդակին՝ 31%, հասել էր 2009 թվականին:
Միևնույն ժամանակ, զարգացող տնտեսությամբ երկրների պահուստների շուրջ 60%-ը կազմում է ԱՄՆ դոլարը: