Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 62%-ՈՎ

Այս տարվա առաջին երկու ամսում մարդասիրական օգնության կարգով Հայաստան է ներմուծվել շուրջ 432 տոննա ապրանք: Մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը կազմել է 3 մլրդ ՀՀ դրամ (7,5 մլն ԱՄՆ  դոլար): Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ստացված օգնության 49.8%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 14.7%-ը` մանածագործական իրերը, 9.7%-ը` սարքեր և ապարատները, 6.5%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 8.2%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, 2.7%-ը` ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, իսկ 8.4%-ը` մնացած ապրանքները:

Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 31%-ը բաժին է ընկել Շվեյցարիային: Նախորդ տարվա համեմատ Շվեյցարիայի կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են 2,3 անգամ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 28.1%-ը, Գերմանիային և Չինաստանին՝ 3.5-ական %-ը:  

Նշենք նաև, որ 2013 թվականի առաջին երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են շուրջ 62%-ով:

Share