Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԽԻՍՏ ՏՆՏԵՍՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել սառեցնել կենսաթոշակների աճն ու կենսաթոշակային տարիքը բարձրացնել ևս երկու տարով՝ հասցնելով այն 67-ի: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ երկրի ղեկավարությունը որոշել է նաև բարձրացնել ծխախոտի և ալկոհոմային խմիչքների գծով ակցիազային մուտքերը, կոմունալ ծառայությունների սակագներն, ինչպես նաև բիզնեսի համար նախատեսված որոշ հարկերի դրույքները: Բացի այդ, սպասվում է, որ երկրի ֆինանսների նախարարության ենթակայության տակ գործող մի շարք ընկերությունների մասով կմեկնարկի մասնավորեցման գործընթաց:

Կիպրոսի ղեկավարությունը որոշում է կայացրել նաև փոքր-ինչ մեղմացնել ֆինանսական գործառնությունների նկատմամբ սահմանված վերահսկողությունը և բարձրացնել դրանց համար սահմանված վերին թույլատրելի մակարդակը՝ 5 հազար եվրոյից մինչև 25 հազար եվրո: Վերահսկողության ամբողջական վերացման համար կպահանջվի մեկ ամիս:

Հիշեցնենք, որ շուրջ երկշաբաթյա ընդմիջումից Կիպրոսի բանկերն ու բորսան արդեն վերսկսել են իրենց աշխատանքը:

Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկի տրամադրումն ու Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki Bank-ի (Ազգային բանկ) վերակազմավորումը:

Համաձայն Կիպրոսի և երկրի միջազգային վարկատուների միջև ստորագրված համաձայնագրի՝  Կիպրոսում հարկաբյուջետային քաղաքականության «ուղղումները» կշարունակվեն մինչև 2018 թվականը:  Սպասվում է, որ վարկային օգնության  առաջին տրանշը Կիպրոսը կաստանա մայիսին:  

Ըստ համաձայնագրի՝ 2013 թվականին երկրի բյուջեի պակասուրդը կկազմի ՀՆԱ-ի 2,4%-ը (395 մլն եվրո), 2014 թվականին ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 4,25%-ը (678 մլն եվրո), իսկ 2015 թվականին՝ ՀՆԱ-ի 2,1%-ը (344 մլն եվրո):

Share