Բաժին. Տնտեսական

ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԳՈՐԾԱՐԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Վերջին երկու տարիների ընթացքում Չարենցավանի «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» գործարանն իրականացրել է 30 մլն դոլարի ներդրում: Ընկերությունում ներդրվում է «Siemens VAI» ընկերության համապատասխան սարքավորումները (ամրանների գլոցման հաստոն` ավտոմատ համակարգով, հիդրավլիկ մկրատ` ջարդոնների մանրացման համար, ձուլման շերեփ և այլն): Նախատեսվում է, որ ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կմեկնարկի ամրանների արտադրություն:  

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ երեք տարի ժամկետով հետաձգվել է «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»-ի ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը: Վերազինման աշխատանքների արդյունքում ընկերության արտադրական հզորությունները թույլ կտան տարեկան արտադրել մոտ 125 հազ.տ 8-32 մմ տրամագծով ամրաններ, որի մոտ 30 տոկոսը նախատեսվում է արտահանել:

Ինչպես զեկուցվել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ գործարան կատարած այցի ժամանակ, վերազինման աշխատանքները կավարտվեն 2013թ. հունիս-հուլիս ամիսներին, որի արդյունքում կստեղծվեն մոտ 350 նոր աշխատատեղեր՝ միջինը 120 հազար դրամ աշխատավարձով: Ներկայում շարունակվում են անհրաժեշտ ապրանքների ներմուծման և տեղադրման աշխատանքները:

Վարչապետ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընկերության ներդրումային նոր ծրագրերը, որոնք ուղղված են լինելու աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաև այդ գործընթացներում պետության կողմից տրամադրվելիք հնարավոր օժանդակությանն ու գործիքակազմին: Տիգրան Սարգսյանը ողջունել է ներկայացված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել տարբեր միջոցներով: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ունեն թափուր աշխատատեղեր և անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների կարիք, որոնց ձեռնարկությունը մտադիր է հրավիրել Ռուսաստանից:

Share