Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ «ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԹՈՂԱՐԿԵԼ Է 4.15 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Չարենցավանում գործող, պողպատե, թուջե և ալյումինե ձուլվածքների արտադրության բնագավառում մասնագիտացած «Ձուլակենտրոն» արդյունաբերական գործարան, ծանոթացել կատարված ներդրումների արդյունքներին և ձեռնարկությունների զարգացման ծրագրերին: 

Նշվել է, որ «Ձուլակենտրոն» գործարանը  ձուլվածքներ է թողարկում հանրապետության արդյունաբերական տարբեր ոլորտների համար և իր արտադրանքն իրացնում է հիմնականում ներքին շուկայում, հումք և նյութեր գնում է ՀՀ ձեռնարկություններից, որոշ չափով ներկրում է նաև Ռուսաստանից, Ուկրաինայից ու Իրանից:

«Ձուլակենտրոն»-ի արտադրանքի հիմնական սպառողներն են` Զանգեզուրի, Կապանի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի լեռնահարստացուցիչ կոմբինատը և ՀՀ մի շարք այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ:

2012թ. ընկերությունը թողարկել է 4.15 մլրդ դրամի արտադրանք` մոտ 50 տոկոսով գերազանցելով 2011թ. ցուցանիշը:  Արտադրված արտադրանքն ամբողջությամբ իրացվել է:

2013թ. մարտի 1-ի դրությամբ ընկերության արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 710 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմելով 17 տոկոս: Իրացվել է 925 մլն դրամի արտադրանք (աճը` 57.5 տոկոս)՝ ամբողջովին ներքին շուկայում:

Ընկերությունում աշխատում է 325 մարդ:

«Ձուլակենտրոն»-ը 2012թ. ՀՀ պետական բյուջե է վճարել մոտ 0.67 մլրդ դրամ և զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 144-րդ տեղը:

Share