Բաժին. Տնտեսական

ՎԱՐՉԱՊԵՏ. «3000-ԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔ ԿԱ»

ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությունը, հավանություն է տվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին: Դրանով առաջարկվում են զբաղվածության քաղաքականության մշակման և իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող նոր օրենքի հիմնադրույթները, որոնցից են ճկունության հնարավորության ընձեռումը, աշխատանքի տեղավորման ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպություններին ծրագրերի իրականացման պատվիրակումը, մասնագիտական կողմնորոշման` որպես առանձին ծրագրի ամբողջացումը և հստակեցումը, նոր ծրագրերի փորձարկումը և այլն։ 

Այս կապակցության ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն աշխատանքի խնդիրն է. «Մարդիկ մշտապես այդ հարցն են բարձրացնում», – նշել է վարչապետն ու ընդգծել, որ այսօր Հայաստանում կա 3000-ից ավելի թափուր հաստիք: «Մի կողմից պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել և երկրորդ` պետք է ներկայացնենք՝ ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար», – հավելել է վարչապետը և ընդգծել. «Եթե մարդը լսում է, որ ինչ-որ մի մասնագիտության, օրինակ` խառատի թափուր տեղ կա, ինքն ասում է` ցավոք սրտի, ես խառատ չեմ, բայց եթե զուգահեռաբար ասենք, որ պետությունն անվճար վերապատրաստում է ձեզ, և դուք կարող եք պետության այդ ծրագրից օգտվել, վերապատրաստվել և այդ աշխատատեղն ստանձնել, դա կնշանակի ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել»։

Share