Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍԻ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԿԿՈՐՑՆԵՆ 8-15 ՄԼՐԴ ԵՎՐՈ

Կիպրոսի ճգնաժամի բացասական հետևանքները հաղթահարելու և հաճախորդներ գրավելու նպատակով եվրոպական բանկերը ստիպված կլինեն բարձրացնել խոշոր ավանդների համար առաջարկվող տոկոսադրույքները: Այս մասին նշվում է Barclays-ի վերլուծական հաշվետվության մեջ:

Նշենք, որ մինչ Կիպրոսի բանկային ճգնաժամը եվրոպական բանկերում ներդրված ավանդների համար, անկախ ավանդի գումարից, գործել է նույն տոկոսադրույքը: Այժմ, սակայն, վերլուծաբանները վստահ են, որ չապահովագրված՝ 100 հազար եվրոյից ավել ավանդ ունեցող ավանդատուները կվերագնահատեն իրենց ռիսկերը:

Ըստ վերլուծության արդյունքների՝ ներկայում Եվրոպայի ֆինանսական շուկայում նկատվող անկայունության պայմաններում եվրոպական բանկերը մեկ տարվա ընթացքում կկորցնեն 8-15 մլրդ եվրո, ինչը կազմում է ամբողջ բանկային համակարգի շահույթի շուրջ 11%-ը:

Հիշեցնենք, որ իր բանկային համակարգի փրկության համար Կիպրոսը պարտադրված կերպով սառեցրել է երկրի առաջատար բանկերում (Bank of Cyprus, Laiki Bank) պահվող խոշոր՝ 100 հազար եվրոն գերազանցող ավանդները: Սպասվում է, որ այս ավանդների տերերը կկորցնեն իրենց ավանդների գումարի զգալի մասը:

Share