Բաժին. Տնտեսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՆԱՆՑ ՖՈՐՈՒՄԸ

Երևանում մեկնարկել է «Առևտրային և տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ և թուրք գործարար կանանց ֆորում, որը կազմակերպել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ւ-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը:  

Ֆորումի նպատակն է թուրք գործարար կանանց ծանոթացնել Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային և մաքսային համակարգին, ընկերությունների գրանցման ընթացակարգերին, ինչպես նաև նրանց գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել՝ երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունների հաստատմանն աջակցելու համար:

Ֆորումի բացմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնտեսական աճի գրասենյակի մասնավոր հատվածի մասնագետ Դիանա Ավետյանը, Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նևին Իլը, Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը և «Կանանց ֆորում» կազմակերպության նախագահ Լիլիթ Ավետիսյանը: Բանախոսները կարևորել են միջոցառմանը գործարար կանանց մասնակցությունը, որը նրանց համար գործնական կապեր հաստատելու և ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորություն է:  

Նշենք, որ ֆորումին մասնակցում է քսանհինգ հայ կին գործարար, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ զբոսաշրջությունից, բժշկական կոսմետոլոգիայից, հրուշակեղենի, արհեստագործական իրերի ու տեքստիլի արտադրություններից մինչև շինարարություն և շինանյութերի արտադրություն: Թուրքական կողմից միջոցառմանը մասնակցում է երեսուն կին գործարար՝ զբոսաշրջության, բժշկության, շինարարության, ապրանքների փաթեթավորման, կաթնամթերքի արտադրության և բեռնափոխադրումների ոլորտներից: 

Ֆորումի շրջանակներում տեղի կունենա ցուցահանդես, որտեղ հայ և թուրք գործարար կանայք կներկայացնեն իրենց պրոդուկտները: Նաև զեկույցով հանդես կգան Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչները, իսկ Պետական եկամուտների կոմիտեն կներկայացնի Հայաստանի հարկային և մաքսային ընթացակարգերը, ինչպես նաև կկազմակերպվեն «բիզնեսը՝ բիզնեսին» ձևաչափով հանդիպումներ և գործնական այցելություններ:

Share