Բաժին. Տնտեսական

ՀԻՄՆՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԵՆՈՒ ԿՈԼԵԿՑԻՈՆ ԱՅԳԻ

«Ծիրանի գենետիկական ռեսուրսների պահպանում և օգտագործում» ծրագրի շրջանակներում կայացել է հայկական ծիրանենու կոլեկցիոն այգու հիմնարկեքը: Մինչև հուլիս ամիսը նախատեսված է հիմնել նմանատիպ ևս հինգ այգի:

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 5 հա տարածքի վրա ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ հիմնած նոր այգում հետագա օգտագործման համար կպահպանվեն ծիրանենու 82 նույնականացված սորտեր:

Ցուցադրական այգիներում լայնորեն կներկայացվի նոր ագրոտեխնիկայի կիրառումը և կկազմակերպվեն դասընթացներ  ֆերմերների համար: Արտադրական նշանակությունից զատ, նշված այգիները կօժանդակեն նաև զբոսաշրջության խթանմանը:

Ներկայացնելով ծրագրի կարևորությունը մեր հանրապետության գյուղատնտեսության համար՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ վերջինիս իրականացումը ծիրանենու գենետիկ ռեսուրսները հավաքելուց ու պահպանելուց բացի, կխթանի և կամրապնդի նշված պտղի արտադրության կայուն հիմքերը երկրում:

«Ծիրանենին գյուղատնտեսության համար ունի կարևոր դեր ու նշանակություն, քանի որ վերջինիս պտուղը հիմնական բնամթերք է ինչպես վերամշակող և արտահանող կազմակերպությունների, այնպես էլ երկրի բնակչության համար:  Տարեցտարի ավելանում են ծիրանենու այգետարածքներն ու դրա հետ էլ` վերջինիս արտադրությունը: Հանրապետության ծիրանենու այգիները, որոնք ներկայումս շուրջ 10 հազար հեկտար են, առաջիկայում ավելանալու միտում ունեն»,- ասել է նա` շեշտելով, որ կոլեկցիոն այգին բաց է լինելու բոլոր գիտնականների, հետազոտողների, ինչպես նաև` արտադրողների առջև:

Հիմնարկեքի մասնակիցների կողմից առաջարկվել է այգիների տարածքը ներառել պետության կողմից պահպանվող հատուկ տարածքների ցանկում:

Share