Բաժին. Տնտեսական

BANK OF CYPRUS-Ի ԽՈՇՈՐ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍԱՌԵՑՎԱԾ ԿՄՆԱՆ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐ

Կիպրոսի կենտրոնական բանկը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի խոշորագույն բանկում՝ Bank of Cyprus-ում ներդրված և 100 հազար եվրոն գերազանցող (չապահովագրված) ավանդների սեփականատերերը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր ամիսը չեն իմանա, թե ինչ է, ընդհանուր առմամբ, սպասվում իրենց միջոցների «սառեցված» 60%-ին:  

Նախատեսվում է, որ չապահովագրված այս ավանդների ընդհանուր գումարի 22.5%-ը սառեցված կմնա մինչ Bank of Cyprus բանկի ակտիվների գնահատման վերաբերյալ հաշվետվության հրապարակումը: Երկրի ԿԲ-ն հայտնել է, որ հաշվետվության հրապարակումից հետո միայն կորոշվի՝ կուղղվեն արդյոք այս միջոցները բանկի բաժնետիրական կապիտալի համալրմանը, թե ոչ:

Հիշեցնենք, որ մինչ այս Bank of Cyprus-ում ներդրված և չապահովագրված ավանդների ընդհանուր գումարի 37,5%-ն ավտոմատ կերպով փոխանցվել էր բանկի՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով արժեզրկված արժեթղթերին:  

Հատկանշական է, որ Bank of Cyprus-ում ներդրված և չապահովագրված ավանդների մնացյալ 40%-ը մինչ այս ևս սառեցված էր: ԿԲ-ի պարզաբանմամբ՝ դա արվել էր իրացվելիության ապահովման նպատակով: Այժմ «ժամանակավորապես սառեցման» պայմանները փոքր-ինչ մեղմացվել են, և խոշոր ավանդատուների ավանդների գումարի մի մասը «ազատականացված է»: Այսպես, 100 հազար եվրո և ավել ավանդ ունեցողները կարող են տնօրինել իրենց ներդրած գումարի դեռևս միայն 10%-ը: Սպասվում է, որ Կիպրոսում կապիտալի շարժի վերահսկողության թուլացմանը զուգընթաց առկա սահմանափակումները կվերացվեն:

Հիշեցնենք, որ ներկայում Կիպոսը իրականացնում է իր բանկային համակարգի վերակազմավորում, որը թույլ կտա երկրին ստանալ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից խոստացված՝ 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկը:

Նշենք, որ Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ եղավ ֆինանսական օգնություն:

Share