Բաժին. Տնտեսական

MOODY'S. ԻՍՊԱՆԻԱՆ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՆԻ ՀԱՐԿԵՐԸ

Ընթացիկ տարվա արդյունքներով Իսպանիային, լավագույն դեպքում, կհաջողվի երկրի բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 6%-ին՝ նախատեսված 4,5%-ի դիմաց: Նման եզրակացության են եկել միջազգային Moody’s վարկանիշային գործակալության վերլուծաբաններն՝ ընդգծելով, որ անգամ նման պարագայում, երբ նախատեսված ցուցանիշին հասնելն անհավանական է, Իսպանիայի կողմից պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 6%-ին հասցնելը լավ արդյունք է. դա հնարավորություն կտա կանխել պետական պարտքի աճը:

Moody’s-ի վերլուծաբանների կարծիքով, շարունակական տնտեսական անկման պայմաններում Իսպանիան կարող է հասնել բյուջեի պակասուրդի կրճատման՝ շնորհիվ հարկերի և առաջին հերթին ԱԱՀ-ի բարձրացման:

2012 թվականի արդյունքներով Իսպանիայի բյուջեի պակասուրդը կազմել էր երկրի ՀՆԱ-ի 6,98%-ը:

Նշենք նաև, որ ավելի վաղ Moody’s-ը հրապարակել էր իր կանխատեսումները Իսպանիայի բանկային համակարգի վերաբերյալ, որոնք, տարածած հայտարարության համաձայն, դեռևս շարունակում են մնալ 2008 թվականին սահմանված «բացասական» մակարդակում, ինչը պայմանավորված է երկրի տնտեսության անկայունությամբ և բանկային համակարգում խնդրահարույց ակտիվների մեծ ծավալի պահպանմամբ: Հայտարարության մեջ նաև նշվում էր, որ Իսպանիայի բանկերը զգալի ֆինանսական կախվածություն ունեն Եվրոպական կենտրոնական բանկից:

Moody’s-ի վերլուծաբանները կախատեսում են, որ Իսպանիայի բանկային համակարգում ընդհանուր իրավիճակը կշարունակի մնալ ծանր այնքան ժամանակ, որքան երկրի տնտեսությունը կգտնվի ճգնաժամի մեջ:

2012 թվականին Իսպանիայի տնտեսությունը կրճատվել էր 1,4%-ով: 2013 թվականի համար սպասվում է համանման անկում:

Share