Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍԸ ԿՎԱՃԱՌԻ 400 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՈՍԿԻ

Միջազգային վարկատուների պահանջների կատարման ծրագրի շրջանակներում Կիպրոսը վաճառքի կներկայացնի իր ոսկու պահուստների մի մասը: Այս մասին հաղորդում են եվրոպական լրատվամիջոցները: Նշվում է, որ նախատեսվում է վաճառել 400 մլն եվրոյի ոսկի: 

Բացի ոսկու պահուստների մի մասը վաճառելուց Կիպրոսի կառավարությունը, տնտեսական ճգնաժամի հաղթահարման պետական ծրագրի շրջանակներում, նախատեսում է  նաև  դադարեցնել Laiki Bank-ի գործունեությունը, ինչպես նաև խստացնել հարկաբյուջետային քաղաքականությունը:

Նշենք, որ պետական ծախսերի ծածկման համար ներկայում Կիպրոսին անհրաժեշտ է շուրջ 23 մլրդ եվրո, որից 9 մլրդ եվրոն երկիրը կստանա եվրոպական գործընկերներից, 1 մլրդ եվրոն` Արժույթի միջազգային հիմնադրամից, իսկ մնացյալ 13 մլրդ եվրոն երկրի կառավարությունը ստիպված կլինի «ստեղծել» սեփական ուժերով:

Հատկանշական է, որ եթե Կիպրոսին չհաջողվեր համաձայնության գալ միջազգային վարկատուների հետ, ապա երկրի ֆինանսական համակարգը կփլուզվեր, և Կիպրոսը կդառնար առաջին երկիրը, որը դուրս կգար Եվրոգոտուց:

Ներկայում Կիպրոսում վերահսկողություն է սահմանված կապիտալի շարժի նկատմամբ: Ֆինանսական գործառնությունների համար սահմանված են մի շարք ժամանակավոր սահմանափակումներ: Ճգնաժամի հաղթահարման նպատակով Կիպրոսը կօգտագործի բանկերի խոշոր ավանդատուների գումարները:

Share