Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է 2014 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման երկրի 2014 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրել է Կոնգրես: Բյուջեի նախագծի համաձայն՝ 2014 թվականի համար տարեկան պետական ծախսերը սահմանվել են 3.77 տրիլիոն ԱՄՆ դոլար մակարդակում, իսկ եկամուտները՝ 4,51 տրիլիոն ԱՄՆ դոլար մակարդակում: Նախորդ ֆինանսական տարվա համեմատ նախատեսվում է բյուջեի եկամուտների աճ՝ 580 միլիոն դոլարով:

Ինչպես հաղորդում են արևմտյան աղբյուրները՝ ԱՄՆ-ի բյուջեի եկամուտների ավելացումը նախատեսվում է ապահովել մի շարք միջոցառումների շնորհիվ: Մասնավորապես, բյուջեի նախագծով առաջարկվում է տարեկան 1 մլն ԱՄՆ դոլարից ավել եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար սահմանել 30%-անոց հարկ: Միևնույն ժամանակ, փաստաթղթում նշվում է հարկային վերահսկողության խստացման մասին:

2014 ֆինանսական տարվա համար, որը կմեկնարկի ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից, Բարաք Օբաման առաջակում է նաև վարել ակտիվ պետական ներդրումային քաղաքականություն. ենթակառուցվածքների զարգացմանն առաջակվում է ուղղել 50 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ արդյունաբերության ոլորտում նորամուծական գործունեության զարգացմանն ու կրթական համակարգի բարելավմանը՝ 1 մլրդ-ական ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2014 թվականի համար ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը սահմանվել է 744 մլն ԱՄՆ դոլար մակարդակում, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 4,4%-ը:

Սպասվում է, որ բյուջեի նախագծի շուրջ հանրապետականներն ու դեմոկրատները կունենան «լուրջ բախումներ»:

Եթե Բարաք Օբամայի ներկայացրած բյուջեի նախագիծն, այնուամենայնիվ, ընդունվի, ապա նրա նախագահության ողջ ժամանակաշրջանում առաջին անգամ երկրի բյուջեի պակասուրդը կկազմի 1 տրիլիոնից ցածր:

Share