Բաժին. Տնտեսական

ԿԻՊՐՈՍԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ԹՈՒԼԱՑՐԵԼ Է ԿԱՊԻՏԱԼԻ ՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Կիպրոսի ղեկավարությունը փոքր-ինչ թուլացրել է երկրում կապիտալի շարժի նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Այժմ արդեն երկրի ներսում բանկային տրանսակցիաների համար վերին թույլատրելի մակարդակը սահմանվել է 300 հազար եվրո, երկրի սահմաններից դուրս գործող ընկերություններին իրականացվող վճարումների թույլատրելի գումարը 5 հազար եվրոյից բարձրացվել է մինչև 20 հազար եվրո, իսկ երկրի սահմանները դուրս տարվող թույլատրելի գումարը հազար եվրոյից բարձրացվել և սահմանվել է 2 հազար եվրո: Մյուս սահմանափակումները, այդ թվում՝ բանկերից օրական ոչ ավել, քան 300 եվրո գումար կանխիկացնելը, դեռևս պահպանվում են:  

Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտի 28-ին Կիպրոսի ֆինանսավարկային կազմակերպությունները շուրջ երկշաբաթյա ընդմիջումից հետո վերականգնել էին իրենց գործունեությունը: Բանկերն աշխատում էին խիստ վերահսկողության և կտրուկ սահմանափակումների պայմաններում: Ապրիլի 2-ին գործող սահմանափակումները որոշակիորեն մեղմացվել էին: Այսպես, ֆինանսական վերահսկողի կողմից համապատասխան հաստատում չպահանջող գործարքների համար վերին թույլատրելի մակարդակը նախկին 5 հազար եվրոյի դիմաց սահմանվել Էր 25 հազար եվրո, թույլատրվել էր կանխիկացնել չեկեր՝ ամսական մինչև 9 հազար եվրոյի չափով:

Ներկայում Կիպրոսը «փորձում է» հաղթահարել բանկային ճգնաժամը: Այս հարցում Կիպրոսին «կօգնեն» միջազգային վարկատուները՝ եվրոպական գործընկերներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը:

Սպասվում է, որ Կիպրոսում հարկաբյուջետային քաղաքականության «ուղղումները» կշարունակվեն մինչև 2018 թվականը:

Share