Բաժին. Տնտեսական

ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԿՐՃԱՏԵԼ 2014Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

Չի բացառվում, որ 2014 ֆինանսական տարում ԱՄՆ-ն զգալի կրճատի Հայաստանին ցուցաբերող տնտեսական օգնության ծավալները:  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2014 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որում առաջարկում է շուրջ 40%-ով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը: Այսպես, Օբամայի վարչակազմը առաջարկում է հաջորդ ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 24 մլն 719 հազար ԱՄՆ դոլար տնտեսական օգնություն:

Նշենք, որ Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ 2013 թվականին ԱՄՆ-ի կողմից Հայաստանին փաստացի հատկացված տնտեսական օգնության չափը կազմել է 40 մլն ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի այս նախագիծը, ապա դա կլինի 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր Հայաստանին տրված ամենաքիչ տնտեսական օգնությունը:

Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը, ապա Օբամայի վարչակազմն այս տարի, ինչպես նախորդ տարի, առաջարկել է Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման (FMF) և Միջազգային ռազմական կրթության և ուսուցման (IMET) շրջանակում Հայաստանին և Ադրբեջանին հավասարաչափ օգնություն տրամադրել՝  2.7 մլն ԱՄՆ դոլար՝ FMF-ի շրջանակում և 600 հազար ԱՄՆ դոլար՝ IMET-ի շրջանակում:

2014թ. բյուջեի նախագծում, ինչպես նախորդ տարի, Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության մասին խոսք չկա: Սակայն, ինչպես հիշեցնում է Հայ դատի հանձնախումբը, վերջին տարիներին (նաև 2013թ-ի համար) Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակը (ՄԶԳ USAID) տարեկան 2 միլիոն դոլար ֆինանսական օգնություն է տրամադրում:

Share