Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

2013 թվականի առաջին երեք ամսում Չինաստանում վաճառվել է 5,42 մլն ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 13,18%-ով:

Չինաստանի ավտոարդյունաբերության ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու այս երեք ամսում երկրում ավտոմեքենաների արտադրությունն աճել է 12,81%-ով և կազմել 5,4 մլն միավոր: Ընդ որում, միայն մարտի, փետրվարի համեմատ, Չինաստանում գրանցվել է ավտոմեքենաների արտադրության ծավալի 54,76% աճ: Այս մեկ ամսում Չինաստանում արտադրվել է 2,09 մլն ավտոմեքենա: Միևնույն ժամանակ, մարտի, փետրվարի համեմատ, չինական ավտոշուկայում վաճառքի ծավալներն աճել են 50,22%-ով և կազմել 2,04 մլն ավտոմեքենա:

Հատկանշական է, որ մարտի Չինասատանի ավտոարտադրության և ավտոմեքենաների վաճառքի ոլորտներում գրանցված ամսական ցուցանիշներն ամենաբարձրն են՝ չինական ավտոարդյունաբերության զարգացման ողջ պատմության ընթացքում:

Նշենք, որ 2009 թվականին Չինաստանն առաջ էր անցել ԱՄՆ-ից և դարձել խոշորագույն ավտոարտադրող երկիրն ու ավտոմեքենաների ամենամեծ շուկան աշխարհում:

2012 թվականին Չինաստանում արտադրվել է 19,27 մլն ավտոմեքենա, վաճառվել՝ 19,31 մլն ավտոմեքենա:

Share