Բաժին. Տնտեսական

ՉԵԽԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆԸ

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ չեխ պաշտոնյայի այցը Հայաստան հնարավորություն կտա նոր թափ հաղորդել  երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, և միաժամանակ կարևորել Երևանում կայացած հայ-չեխական բիզնես ֆորումը, որին մասնակցել են չեխական 13 ձեռնարկություն:

Զրուցակիցներն ընդգծել են գործարար նոր կապերի ձևավորման անհրաժեշտությունը, որը կնպաստի հայ-չեխական տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայմանը:

Կարել Շվարցենբերգը նշել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի սերտացմանը և ընդգծել, որ երկու երկրների միջև քաղաքական որևէ խնդիր գոյություն չունի:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար, ինչին ի պատասխան՝ Կարել Շվարցենբերգը նշել է, որ իր երկիրը պատրաստ է հետագայում ևս նպաստել Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հաջողությամբ շարունակում է Ասոցացված համաձայնագրի, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունները և արվում է ամեն-ինչ, որպեսզի պատրաստ լինի դրանց ստորագրմանը մինչ տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպմանը, դրան Չեխիայի հնարավոր մասնակցությանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսական այլ ճյուղերում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Share