Բաժին. Տնտեսական

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԱԾ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ

Կիպրոսը մտադիր է երկրի բանկային ճգնաժամից տուժած օտարերկրյա քաղաքացիների համար մեղմացնել Կիպրոսի քաղաքացիություն ստանալու գործընթացը: Նախատեսվում է, որ բոլոր այն օտարերկրյա ավանդատուները, ովքեր Կիպրոսի բանկերի վերակազմավորման պատճառով կրել են ավելի քան 3 մլն եվրոյի վնաս, կկարողանան առավել հեշտությամբ ստանալ Կիպրոսի քաղաքացիություն:

Հատկանշական է, որ այս քայլն առաջին հերթին ուղղված է ռուս ավանդատուներին: Կիպրոսի բանկերում ռուս ավանդատուների ավանդները գնահատվում են միլիարդավոր եվրոներով:

Նշենք, որ Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից 10 մլրդ եվրոյի վարկը հնարավորինս շուտ ստանալու նպատակով Կիպրոսը մեկնարկել է երկրի խոշորագույն բանկերից մեկի փակման և մեկ այլ խոշորագույն բանկում (Կիպրոսի բանկ) ներդրված խոշոր ավանդների «դուրսգրման» գործընթաց:

Հատկանշական է, որ վերջին գնահատականներով՝ Կիպրոսի տնտեսության փրկության համար կպահանջվի ոչ թե 17 մլրդ եվրո, ինչպես գնահատվել էր մինչ այս, այլ 23 մլրդ եվրո: Սա նշանակում է, որ այս գումարից 10 մլրդ եվրոն Կիպրոսին կտրամադրեն միջազգային վարկատուները, իսկ մնացյալ 13 մլրդ եվրոն երկիրը պետք է «ստեղծի» սեփական ուժերով:

Նշենք, որ Կիպրոսը Եվրամիության անդամ է 2004 թվականից:

Կիպրոսի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալը գնահատվում է 18 մլրդ եվրո:

Share