Բաժին. Տնտեսական

ԿԲ. ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է

2013թ. առաջին եռամսյակում մեր երկրում սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ) կազմել է 44.0 կետ՝ նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջելով  1.6 տոկոսային կետով: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված հետազոտության արդյունքները:

Նշենք, որ սպառողների վստահության ցուցանիշն (ՍՎՑ) իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն: Դիֆուզիոն ինդեքսներից են ընթացիկ պայմանների ցուցանիշը և ապագա սպասումների ցուցանիշը:

Ըստ իրականացված հարցման արդյուքների՝ հաշվետու եռամսյակում  աճ է գրանցվել ապագա սպասումների ցուցանիշի գծով.  նախորդ եռամսյակի նկատմամբ ցուցանիշն աճել է 1 տոկոսային կետով և կազմել 52.6: Ընդ որում, այս ցուցանիշի դրական տեղաշարժին նպաստել են ինչպես ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշի շուրջ 3 տոկոսային կետով, այնպես էլ տնային տնտեսության զբաղվածության փոփոխության սպասումների ցուցանիշի շուրջ 2 տոկոսային կետով բարելավումները:

Ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշին զիջել է շուրջ 4 տոկոսային կետով՝ պայմանավորված ֆինանսական վիճակի փոփոխության փաստացի վիճակի և ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականների ցուցանիշների անկումներով: Դրան զուգահեռ,  աճել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը:

Share