Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. 2013Թ.-ԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՃԻ 3.3%-ՈՎ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված World Economic Outlook զեկույցը: Համաձայն ԱՄՀ վերլուծաբանների նոր կանխատեսումների՝ 2013 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 3,3%-ով, իսկ 2014 թվականին՝ 4%-ով:

Նշենք, որ իր նախորդ՝ հունվարյան զեկույցում ԱՄՀ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսել էր համաշխարհային տնտեսության աճի փոքր-ինչ բարձր ցուցանիշ (3,5%): Միևնույն  ժամանակ, 2014 թվականի համար կանխատեսված ցուցանիշը պահպանվել է նույն մակարդակում:

Ըստ նոր կանխատեսումների՝ 2013 թվականին զարգացած երկրները կգրանցեն 1,2%, իսկ 2014 թվականին՝ 2,2% տնտեսական աճ: Զարգացող տնտեսությամբ երկրների համար կանխատեսվում է 5,3% տնտեսական աճ՝ ընթացիկ տարում, 5.7% տնտեսական աճ՝ 2014 թվականին:

ԱՄՀ վերլուծաբանները ընթացիկ տարվա համար կանխատեսում են ամերիկյան տնտեսության 1,9% աճ, 2014 թվականի համար՝ 3% աճ: 

2013 թվականի համար կանխատեսվում է Եվրոգոտու տնտեսության 0,3% անկում և 1,1% աճ՝ 2014 թվականին:

Սպասվում է, որ 2013 և 2014 թվականներին Ճապոնիայի տնտեսությունը կաճի համապատասխանաբար 1,6%-ով և 1,4%-ով, իսկ Չինաստանի տնտեսությունը՝ 8%-ով և 8,2%-ով:

Նշենք նաև, որ ԱՄՀ կանխատեսմամբ՝ 2013 թվականին զարգացած երկրներում գնաճը կկազմի 1,7%, իսկ 2014 թվականին՝ 2%: Զարգացող երկրների համար կանխատեսվում է, համապատասխանաբար, 5,9% և 5,6% գնաճ:

Share