Բաժին. Տնտեսական

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ «ԱՆՍՊԱՍԵԼԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կառավարության ղեկավարը չի փոխվելու. Տիգրան Սարգսյանը շարունակելու է իր պաշտոնավարումը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ միաժամանակ ներկայացնելով սպասվող պաշտոնանկությունները:

Այսպես, սպասվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ում պաշտոնանկության մասին լուրերն ամենաշատն են քննարկվում, հավանական է, որ նշանակվի  Շվեյցարիայում ՀՀ դեսպան՝ հատուկ կարգավիճակով: Նալբանդյանը նաև կկոորդինացնի եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը: Թերթի տեղեկություններով՝ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականություններից:

Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաև Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ում կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն:

Որպես Կրթության և գիտության նախարարի հավանական թեկնածու՝ քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Թերթը նաև գրում է, որ առաջիկայում պաշտոնանկ են արվելու ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով կարող է նշանակվել կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում, և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Share