Բաժին. Տնտեսական

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՀԻՄՆԱՎՈՐԵԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԳՐԻՉ ԿԱՄ ԹՈՒՂԹ ԳՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերն ու առավելագույն գները։ 

«Բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու այս ընթացակարգը, որովհետև սա իրենց անձնական պատասխանատվության խնդիրն է», – որոշման վերաբերյալ նշել է Տիգրան Սարգսյանը:

Տեղեկացվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը դուրս է բերել բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ամեն տարի ձեռք են բերվում, կրկնվող ցանկը` գրիչ, ջուր, միս, կարտոֆիլ, վառելիք և այլն։  

Նշվել է, որ հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ կրկնվող ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան կարելի է այդ ապրանքը ձեռք բերել խանութում, ինչը, Տիգրան Սարգսյանի խոսքով, անթույլատրելի է:

«Հիմա մենք շատ կոշտ ֆիլտր ենք սահմանում։ Սահմանել ենք բոլոր այդ ապրանքատեսակների տիպերը, որոնցից այն կողմ իրավունք չկա մշտապես կրկնվող այդ ապրանքները գնել։ Եթե դուք ուզում եք ինչ-որ առանձնահատուկ գրիչ առնել կամ առանձնահատուկ թուղթ, պետք է հիմնավորեք դա։ Ինչո՞ւ է կարևոր տիպաբանությունը, որովհետև դրա վրա շատ հաճախ խաբեություն է կատարվում. ասում են, որ այսինչ շտրիխը փոխվեց, դրա համար էլ գինը բարձրացավ, հիմա այդպիսի խորամանկություն այլևս թույլ չենք տալու։ Հսկողությունն էլ լինելու է նախարարների կողմից. գինը պետք է լինի ավելի ցածր, քան այն գինն է, որ մենք այսօր հաստատում ենք։ Սա վերաբերելու է 70-80 տոկոս գնումներին. մենք և մեր հանրությունը պետք է վստահ լինենք, որ այս ապրանքը ձեռք ենք բերում այս պահի դրությամբ մանրածախ գներին համահունչ գներով։ Շատ կոշտ ֆիլտր է, քանի որ արգելում ենք դրանից բարձր գնով ձեռքբերումը և վերահսկողության պատասխանատվությունը դնում ենք նախարարների վրա», – նշել է Տրգրան Սարգսյանը։

Share