Տնտեսական

Օտարերկրացիների հոսքը Ռուսաստան ինը ամսում աճել է 40%-ով

Օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը Ռուսաստան ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 40%-ով՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ մինչև 3.2 միլիոն մարդ: Դաշնային խորհրդում կլոր սեղանի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը:

«Այս տարվա ինն ամիսների ընթացքում օտարերկրյա զբոսաշրջիկների ուղևորություններն աճել են 40%-ով՝ հասնելով 3.2 միլիոնի: Ավելացել են այցելությունները Քուվեյթից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից»,- ասել է պաշտոնյան:

Օտարերկրացիների գրեթե մեկ երրորդը Ռուսաստանի Դաշնություն է այցելել էլեկտրոնային վիզայով և առանց մուտքի արտոնագրի խմբակային ուղևորությունների շրջանակներում: Ուստի վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն:

Ռուս պաշտոնյան հիշեցրել է, որ այս ամառ գործարկվել են չարտերներ դեպի Բահրեյնի և Իրանի մայրաքաղաքներ, կազմակերպվում են բլոգերների շրջագայություններ դեպի Ռուսաստան, իսկ երկրի 12 շրջաններում կազմակերպվել են տուրեր Չինաստանից, Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրների զբոսաշրջիկների համար:

Share