Բաժին. Տնտեսական

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԳԻՏԵԼԻՔԻ ԴԱՇՏ»

Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է, և այստեղ է, որ հայ ժողովուրդն ունի հարաբերական առավելություն: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Երևանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի շրջանակներում:

«Եկել է ժամանակը, որ մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ցույց տան, որ ազգերի մրցակցության մեջ մենք կանք և լինելու ենք, և այդ բնագավառում մենք ունենք տաղանդաշատ երիտասարդներ: 21-րդ դարում մրցակցությունը տեղափոխվել է ինտելեկտուալ, գիտելիքի դաշտ, և դա նշանակում է, որ պետության թիվ մեկ խնդիրն այնպիսի կրթական համակարգի ձևավորումն է, որը ձեզ հնարավորություն է տալու ստանալ ժամանակակից, մրցունակ գիտելիք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհը թևակոխել է մի փուլ, որին բնորոշ են արագ փոփոխությունները և հայ երիտասարդները պետք է ունակ լինեն չկորցնել իրենց ինքնությունը:

Վարչապետը կարևորել է «Լույս» հիմնադրամի աշխատանքները, որը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող յուրաքանչյուր հայի ուսումը:

Ապրիլի 22-ից 24-ն անցկացվող համահայկական համաժողովին մասնակցում են 500 երիտասարդներ աշխարհի 30 երկրներից: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարևորության խնդիրներ և կառաջադրվեն նոր լուծումներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի և մշակույթի, հայապահպանության ուղղությամբ:

Share