Բաժին. Տնտեսական

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA)  համատեղ նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Տրանսֆերային գնագոյացման հարցեր» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց:

Եվրոպայի և ԱՊՀ 24 պետությունների հարկային մարմինների 80 փորձագետներ հայ գործընկերների հետ կքննարկեն տրանսֆերային գնագոյացման հարցերի կարգավորման իրենց երկրների փորձը:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ Հայաստանի հարկային ծառայությունն արդեն երրորդ տարին է, ինչ միացել է Հարկային մարմինների ներեվրոպական կառույցին, ինչը դարձել է միջազգային լավագույն փորձի փոխանակման յուրօրինակ հնարավորություն. «Հայաստանի հարկային ծառայությունը շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության միջոցառումներին: Ուսումնական գործընթացների բարձր արդյունավետությունը կնպաստի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմանը: Ակնկալում ենք, որ այս դասընթացը կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով մեր երկրներում տրանսֆերային գնագոյացման խնդիրների կարգավորման արդյունավետության բարձրացմանը»:

IOTA-ի ներկայացուցիչ Եվգենիուս Սոլդատկովասն ընդգծել է, որ այսպիսի ձևաչափով միջազգային ուսումնական դասընթաց երկրորդ անգամ է կազմակերպվում Հայաստանում, ինչը հիանալի հնարավորություն է, որպեսզի կազմակերպության անդամ երկրները գործնական քննարկումների միջոցով կատարելագործեն տրանսֆերային գնագոյացման հարցերի վերաբերյալ իրենց օրենսդրությունը:

Տրանսֆերային գնագոյացման կանոններն արագ փոփոխվում են ամբողջ աշխարհում, և այդ պատճառով հարկային մարմինները մեծ ուշադրություն են ցուցաբերում այս ոլորտին: Ակնկալվում է, որ դասընթացը հատկապես օգտակար կլինի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը ներկայում մշակում է տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իր օրենսդրությունը:

Share