Բաժին. Տնտեսական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստը, որի շրջանակներում ամփոփվել են նախորդ նիստի արձանագրությամբ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները, քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության և մաքսային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, երկու երկրների միջև ապրանքների և ծառայությունների առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև միջմարզային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:  Հատուկ ուշադրության են արժանացել Եվրամիության հետ համագործակցության ծրագրերի, մասնավորապես` Արևելյան Գործընկերության նախաձեռնության ծրագրերի իրականացման ակտիվացման ուղղությամբ:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները՝ հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ և լեհական կողմից Լեհաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տոմաշ ՏՈՄՉԻԿԵՎԻՉԸ, ստորագրել են համապատասխան արձանագրություն, որում ամրագրվել են նիստի ընթացքում ընդունված որոշումները:

Նշենք, որ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական համատեղ հանձնաժողովը հիմնվել է համաձայն 2010թ. մարտի 12-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ» Համաձայնագրի: Հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2010թ. հուլիսի 13-ին` Երևանում: Երկրորդ նիստը տեղի է ունեցել 2011թ. հուլիսի 7-ից 8-ը` Վարշավայում:  

2012թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետության իրական հատվածում Լեհաստանի Հանրապետությունից կատարված ներդրումների համախառն հոսքերը կազմել են 0.2 հազ ԱՄՆ դոլար: Հայաստանի Հանրապետությունում 01.09.2012 թ.-ի դրությամբ գրանցված են լեհական կապիտալի մասնակցությամբ 13 ձեռնարկություններ:  

2012թ. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազ. ԱՄՆ դոլար և ներմուծումը` 41.8 մլն ԱՄՆ դոլար:  

Հիմնականում Հայաստանից Լեհաստան արտահանվում են հետևյալ ապրանքատեսակները. կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին: Լեհաստանից Հայաստան ներմուծվում են. եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ և փայտից իրեր, էլեկտրական սարքավորումներ, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ և այլն:

Share