Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է «ԱՂՋԻԿՆԵՐԸ ՏՀՏ ՈԼՈՐՏՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Ապրիլի 25-ին նշվում է «Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը: Օրվա առթիվ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Տեխնոլոգիաներին անհրաժեշտ են աղջիկներ» խորագրով ֆորումը, որը նպատակ է հետապնդել քաջալերել հայ աղջիկներին՝  իրենց կարիերան սկսել տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում (ՏՀՏ):  

ՏՀՏ ոլորտի մի շարք հաջողակ գործարար կանայք, ինչպես նաև կառավարության, կրթական, հասարակական և մասնավոր ոլորտների կին ներկայացուցիչներ իրենց գիտելիքներն ու փորձն են կիսել ֆորումի ավելի քան 200 մասնակիցների հետ:  

Միջոցառման ավարտին մրցանակներ են հանձնվել այն ուսանողուհիներին, ովքեր մասնակցել են ֆորումին նախորդած «Ինչպե՞ս եք պատկերցանում տեղեկատվական հասարակությունը» շարադրությունների մրցույթին:

Այս տարի ֆորումի աշխատանքն ուղիղ եթերով առցանց հեռարձակվել է Հայաստանի մարզերի մի շարք դպրոցների համար` շրջաններում բնակվող երիտասարդ կանանց հնարավորություն ընձեռելով հեռակա կերպով մասնակցելու ֆորումին:

Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես են եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ի տնօրեն Նարինե Աբազյանը: Ֆորումին նաև մասնակցել են ղեկավար կանայք «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, «Idram» ՍՊԸ-ից, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից և այլ կազմակերպություններից:

Ֆորումը կազմակերպել էր «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» ՀԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի, Հայաստանի ամերիկյան  համալսարանի, Cisco ընկերության, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ և Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) տեղեկատվական օժանդակությամբ:

«Աղջիկները ՏՀՏ ոլորտում» միջազգային օրը նախաձեռնվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) կողմից, որը ՄԱԿ-ի մասնագիտացված մարմին է: Օրը միջազգայնորեն նշվում է 2010 թվականից` նպատակ ունենալով ստեղծել գլոբալ միջավայր, որը խրախուսում է աղջիկներին և երիտասարդ կանանց մտածելու ՏՀՏ աճող ոլորտում իրենց կարիերան սկսելու վերաբերյալ:

Share