Բաժին. Տնտեսական

ՀԱՅ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Երևանում են Բելառուսի հանրապետության Գրոդնոյի մարզի գործարարները: Ապրիլի 29-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում նրանք հանդիպում են ունեցել հայ գործընկերների հետ։ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկայացվել են երկու երկրների ներդրումային հնարավորությունները, կազմակերպվել են ապրաքատեսակների և ծառայությունների շնորհանդեսներ, կլոր սեղաններին ստեղծվել են նոր կապեր:

Հայաստանում Բելառուսի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխարենկոն և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշել են, որ հայ-բելառուսական տնտեսական կապերը ծավալելու լուրջ ներուժ կա։ 

Բելառուսի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Գրոդնոյի մասնաճյուղի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:

Բելառուսական պատվիրակությունը ներկայացնում է տնտեսության տարբեր ոլորտներ՝ սննդային խտանյութերի արտադրություն, մսի վերամշակում, կաթնամթերքների արտադրություն և իրացում, տղամարդու, կանացի և մանկական գուլպա-նասկեղենի արտադրություն, ալյուրեղենի արտադրություն, տրակտորային տեխնիկայի ու պահեստամասերի արտադրություն և այլն։ 

2002 թվականից Հայաստանի և Բելառուսի հանրապետությունների առևտրաարդյունաբերական պալատների նախաձեռնությամբ Երևանում և Մինսկում պարբերաբար կազմակերպվում են գործարարների ամենամյա հանդիպումներ։

Share