Բաժին. Տնտեսական

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ Է ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ 43.6 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում եկամտային հարկի գծով պետական բյուջե է մուտքագրվել 43.6 մլրդ դրամ:

Միևնույն ժամանակ, 2013 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 10.4 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և 6.8 մլրդ դրամ եկամտահարկ:

Արդյունքում, այս տարվա առաջին եռամսյակում եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 21.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը:

Նշենք նաև, որ 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.8 մլրդ դրամ:

Share