Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-Ն ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:

Հանդիպման ժամանակ անդրադառնալով 2010թ. հունիսից մեկնարկած և այս տարվա սեպտեմբերին ավարտվող ԱՄՀ «Երկարաձգվող ֆինանսավորում»/«Երկարաձգվող վարկավորում» ծրագրի եզրափակիչ փուլի արդյունքներին՝ Մարկ Հորթոնը գոհունակությամբ նշել է, որ ծրագրով նախատեսված բոլոր թիրախներն իրագործվել են և որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել: 

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին 2012 թ. բյուջեի դեֆիցիտի կրճատման և եկամուտների զգալի աճ ապահովելու համար: Մարկ Հորթոնը բարձր է գնահատել նախորդ տարվա ընթացքում ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը՝ փաստելով, որ այն գերազանցել է ԱՄՀ-ի՝ 6,2 տոկոս աճի կանխատեսումը: Նրա խոսքով՝ դա հնարավոր է եղել հանքարդյունաբերության, վերամշակման և այլ ոլորտներում իրականացված ներդրումների շնորհիվ: Միաժամանակ, վերջինս հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ևս կառավարությանը կհաջողվի գերազանցել ԱՄՀ-ի՝ տնտեսական աճի ապահովման վերաբերյալ կանխատեսման ցուցանիշը: 

Մարկ Փարթոնն օրինակելի է համարել նաև կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի փորձը, կատարվող քայլերը և նշել, որ դրանց արդյունքում ձևավորվել է ամուր իրավապայմանագրային դաշտ, Հայաստան են ներգրավվում աշխարհի լավագույն հաստատությունները:  

Հորթոնը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության բարձր մակարդակը լավ հիմք կհանդիսանա ԱՄՀ նոր ծրագրի իրականացման համար: 

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են նոր ծրագրին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: 

Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեր երկրում իր առաքելությունն ավարտող ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ վերջինս ապագայում կպահպանի կապը Հայաստանի հետ:

Share