Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ ՍՏԱՑԵԼ Է «ԼԱՎ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

Պարտքերի մեջ խրված Հունաստանն իր ֆինանսական դրության կայունացման ուղղությամբ արդեն իսկ իրականացրել է բավականին կարևոր քայլեր, սակայն երկրում դեռևս պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնց հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ է գործադրել առավել մեծ ջանքեր: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):

ԱՄՀ փորձագետները Հունաստանի ձեռքբերումներից առավել կարևորել են պետական բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ գրանցված զարգացումները, սակայն միաժամանակ ընդգծել են, որ բյուջեի պակասուրդի կրճատումը առավելապես տեղի է ունեցել ոչ թե լուրջ կառուցվածքային բարեփոխումների, այլ աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատման շնորհիվ, ինչն այնքան էլ գովելի չէ:

ԱՄՀ-ի տարածած հայտարարությամբ մեջ նշվում է, որ Հունաստանը պետք է առավել ուժեղացնի հարկերից խուսափելու դեմ պայքարը:

Նշենք, որ բյուջեի պակասուրդի կրճատումը և երկրի տնտեսության մրցունակության բարձրացումն այն հիմնական պահանջներն էին, որոնք Հունաստանը «ստանձնել էր» ԱՄՀ-ի և Եվրամիության կողմից հաստատված 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկի դիմաց:

Հունաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է արդեն 6-րդ տարին անընդմեջ: Սպասվում է, որ երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս կգա 2014 թվականին, երբ  կգրանցվի 0,6% տնտեսական աճ:

Share