Բաժին. Տնտեսական

ՄԱՐԻՈ ԴՐԱԳԻ. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԿՐԿԻՆ ԿԻՋԵՑՎԻ

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին հաստատել է ԵԿԲ-ի պատրաստակամությունը՝  Եվրոգոտու տնտեսության ընդհանուր վիճակի հետագա վատացման պարագայում կրկին կրճատել հաշվարկային տոկոսադրույքը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԵԿԲ-ն 0,25 տոկոսային կետով իջեցել էր հաշվարկային տոկոսադրույքը: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ մայիսի 8-ից հաշվարկային տոկոսադրույքը կկազմի տարեկան 0,5 տոկոս:

Հատկանշական է, որ վերջին ինն ամսվա ընթացքում սա առաջին անգամն է, որ Եվրոպայում գրանցվում է հաշվարկային տոկոսադրույքի անկում:

Հաշվարկային տոկոսադրույքի իջեցումը ևս մեկ քայլ է` ուղղված եվրոպական ճգնաժամի հաղթահարմանը: Մեծացնելով էժան փողերի առաջարկը` ԵԿԲ-ն ակնկալում է բարձրացնել գործարար ակտիվության մակարդակը, ինչն իր հերթին կնպաստի ՀՆԱ-ի աճին և գործազրկության մակարդակի կրճատմանը:

Նշենք, որ մինչև 2008 թվականի ճգնաժամը Եվրոպայում հաշվարկային տոկոսադրույքը գտնվել է 3-4%-ի սահմաններում:

Share