Տնտեսական

Համաշխարհային բանկ. 2025-ին Ռուսաստանի ՀՆԱ-ն կաճի 1.6%-ով

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2025-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 1.6%, իսկ 2026 թվականին՝ 1.1%: Այս մասին ասվում է հունվարյան «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում: Այսպիսով, Համաշխարհային բանկը վերահաստատել է հոկտեմբերին հայտարարված կանխատեսումները:

Կազմակերպության գնահատմամբ՝ 2024-ին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 3.4%՝ դանդաղելով 2023 թվականի 3.6%-ից:

2024 թվականին Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի դանդաղումը հիմնականում պայմանավորված է մասնավոր սպառման թուլացմամբ՝ խիստ դրամավարկային քաղաքականության և բարձր գնաճի համատեքստում:

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Ռուսաստանում մասնավոր սպառումը և ներդրումները հետագայում կշարունակեն թուլանալ աշխատավարձերի աճի դանդաղման և դրամավարկային խիստ քաղաքականության պատճառով:

«Էներգիայի արտահանումը, ամենայն հավանականությամբ, աստիճանաբար կաճի: Երկարաժամկետ հեռանկարում կարողությունների սահմանափակումները՝ ներառյալ աշխատուժը, հավանաբար կսահմանափակեն տնտեսական աճը»,- ասվում է զեկույցում:

Կազմակերպության կանխատեսման համաձայն՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կկազմի 2.5%, իսկ 2026 թվականին՝ 2.7%:

Share