Բաժին. Տնտեսական

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր ղեկավար է նշանակվել բրազիլացի Ռոբերտո Ազեվեդոն (Roberto Azevedo): Այս մասին գրում է միջազգային մամուլը՝ հիմք ընդունելով դիվանագիտական աղբյուրների հայտարարությունը:

Նշենք, որ ԱՀԿ-ի ներկայիս ղեկավար ֆրանսիացի Պասկալ Լամի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2013 թվականի օգոստոսի 31-ին:

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (World Trade Organization, WTO) ստեղծվել է 1995 թվականին: Կազմակերպության նպատակն է միջազգային առևտրի ազատականացումը և անդամ-պետությունների առևտրաքաղաքական հարաբերությունների կարգավորումը:

Հայաստանի` ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականից, երբ Հայաստանը դիմել է Առևտրի և Սակագների Գլխավոր Համաձայնագրին (GATT) դիտորդի կարգավիճակ ստանալու համար, իսկ 1993 թվականին ներկայացրել դիմում՝ վերջինիս անդամակցելու նպատակով: Ելնելով այն հանգամանքից, որ GATT-ը հետագայում վերափոխվել է ԱՀԿ-ի՝ 1995 թվականին Հայաստանը նորից դիմում է ներկայացրել արդեն ԱՀԿ-ին անդամակցելու համար: Հետագա տարիների ընթացքում կայացել են ՀՀ ԱՀԿ անդամակցության գործընթացը կարգավորող աշխատանքային խմբի հանդիպումներ:  2003 թվականի փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է ԱՀԿ 145-րդ անդամը:

2013 թվականի մարտ ամսվա դրությամբ ԱՀԿ-ն ունի 159  անդամ:

Share