Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ «ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ» 5 ԵՎՐՈԱՆՈՑ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄԸ

Եվրոպացիները դեռևս չեն կարողանում լիովին «համակերպվել» 5 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամների հետ: Եվրոպական մի շարք խանութներ հրաժարվում են ընդունել երկու շաբաթ առաջ շրջանառության մեջ դրված 5 եվրո անվանական արժեքով նոր թղթադրամները: Եվրոպական մամուլը գրում է, որ վաճառողների շրջանում մտավախություն կա, որ դրանք կարող են «կեղծված» լինել:

Միևնույն ժամանակ, ավտոմատ ինքնասպասարկման տերմինալները և մի շարք բանկերի բանկոմատները, որոնք ունեն կանխիկ դրամի ընդունման հնարավորություն, նույնպես «հրաժարվում են» ընդունել նոր թղթադրամը:

Հիշեցնենք, որ 5 եվրոանոց նոր թղթադրամի նմուշը պաշտոնապես ներկայացրել էր Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին: ԵԿԲ պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ 5 եվրո արժողությամբ նոր թղթադրամի թողարկմամբ, որը կոչվել է «Եվրոպա»՝ հին հունական դիցաբանության հերոսուհու անունով, մեկնարկում է եվրո-թղթադրամների առավել կատարելագործված երկրորդ շարքը: Առավել բարձր արժողությամբ (10, 20, 50, 100  և 500 եվրո) նոր թղթադրամները կներկայացվեն մոտ ապագայում:

Նշենք նաև, որ առաջին շարքի թղթադրամները, որոնք շրջանառության մեջ էին մտել 2002 թվականին, ԵԿԲ-ի և ազգային կենտրոնական բանկերի կողմից նորերով կփոխարինվեն առանց ժամկետային սահմանափակումների:

Share