Բաժին. Տնտեսական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԲԱԶՄԱԽՈՍՏՈՒՄ ԾՐԱԳՐԵՐ ՈՒՆԵՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»

Հայաստանը և Բելառուսը որոշակի և բազմախոստում ծրագրեր ունեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ոլորտում: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում փոխգործակցությանը, մշակույթի և գիտության բնագավառներում համագործակցությանն ու երկու երկրների շուկաներ ապրանքների և ծառայությունների փոխադարձ մուտքի ապահովմանն առնչվող հարցեր: Հեռանկարային է համարվել նաև համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Մենք քննարկեցինք ամենաբազմազան հարցեր. խոսեցինք տնտեսության, աշխարհաքաղաքական հարցերի, հումանիտար կապերի մասին: Բնականաբար, խոսեցինք նաև Առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին, որի հերթական նիստը կկայանա ընթացիկ տարվա հունիսին: Ընդգծեցինք միջխորհրդարանական սերտ կապերը հատուկ ստեղծված հայ-բելառուսական հանձնաժողովի շրջանակներում: Առանձնահատուկ ուշադրություն հատկացվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերին», – ասել է  Սերժ Սարգսյանը:

Share