Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ՃԱՊՈՆԱԿԱՆ «ՄԵԿ ԳՅՈՒՂ, ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՆՔ» ՄՈԴԵԼԸ

Մայիսի 14-ին Երևանում կայացել է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն  (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն համատեղ՝ «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրի մեկնարկի շնորհանդեսը: 

Ծրագրի նպատակը Հայաստանում ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product-OVOP)  հայեցակարգի տեղայնացման միջոցով տեղական արտադրանքի և ծառայությունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի ստեղծումը և առաջմղումն է, որոնք ճանաչելի կլինեն տեղական, հետագայում նաև՝ արտաքին շուկաներում:  

Շնորհանդեսի ընթացքում ճապոնացի փորձագետները հակիրճ ներկայացրել են «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» մոդելի ճապոնական փորձը:

Միջոցառման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը հույս է հայտնել, որ մոդելը Հայաստանում կարդարացնի իրեն:  

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը նշել է, որ 5 մարզերում ընտրվել է 7 համայնք, որտեղ առանձին արտադրանքների ուղղությամբ, օգտագործելով տեղի ներուժը, ծրագիրը նպատակ ունի հասնել միասնական արտադրատեսակի արտադրությանը: 

Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության փորձագետ Ակիհիրո Ցուկամոտոն, ներկայացնելով OVOP ճապոնական մոդելը, նշել է, որ այն հաջողությամբ օգնել է Ճապոնիային տեղական տնտեսական զարգացումը խթանելու գործում և այժմ մեծ արդյունավետությամբ կիրառվում է Ասիայում, Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում: Հաշվի առնելով տեղկան ներուժը, ըստ Ցուկամոտոյի, հնարավոր կլինի OVOP-ն հաջողությամբ իրագործել նաև Հայաստանում:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետ Գառնիկ Մանուկյանը ներկայացրել է նախագծի հայեցակարգը և աշխատանքային պլանը, որով հետագա 3 տարիների ընթացքում առաջնորդվելու է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: 

Ծրագիրը մեկնարկել է 2013թ. մարտին և տևելու է 3 տարի:

Share