Բաժին. Տնտեսական

FITCH-Ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը վերանայել և արդյունքում բարձրացրել է Հունաստանի վարկային վարկանիշը՝ այն սահմանելով «В-» մակարդակում: Միևնույն ժամանակ, վարկանիշի մասով կանխատեսումը սահմանվել է «կայուն»:  

Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին մեկ այլ վարկանիշային գործակալություն՝ Standard & Poor’s-ը, ևս բարձրացրել էր Հունաստանի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը: Այն բարձրացվել էր վեց ասիտճանով և սահմանվել «B-» մակարդակում, իսկ կանխատեսումը՝ «կայուն»: Վարկանիշի վերանայման համար հիմք էր ընդունվել պետական պարտքի հետգնման մասով գրանցված լավ արդյունքները:

Անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դրական էր գնահատել պարտքերի մեջ խրված Հունաստանի կողմից իր ֆինանսական դրության կայունացման ուղղությամբ իրականացված քայլերը: ՄԻևնույն ժամանակ, ԱՄՀ-ն նշել էր, որ երկրում դեռևս պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնց հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ է գործադրել առավել մեծ ջանքեր:

ԱՄՀ փորձագետները Հունաստանի ձեռքբերումներից առավել կարևորել էին պետական բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ գրանցված զարգացումները, սակայն միաժամանակ ընդգծել էին, որ բյուջեի պակասուրդի կրճատումը առավելապես տեղի է ունեցել ոչ թե լուրջ կառուցվածքային բարեփոխումների, այլ աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատման շնորհիվ, ինչն այնքան էլ գովելի չէ: ԱՄՀ-ի տարածած հայտարարությամբ մեջ նշվում էր, որ Հունաստանը պետք է առավել ուժեղացնի հարկերից խուսափելու դեմ պայքարը:

Նշենք, որ բյուջեի պակասուրդի կրճատումը և երկրի տնտեսության մրցունակության բարձրացումն այն հիմնական պահանջներն էին, որոնք Հունաստանը «ստանձնել էր» ԱՄՀ-ի և Եվրամիության կողմից հաստատված 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկի դիմաց:

Հունաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է արդեն 6-րդ տարին անընդմեջ: Սպասվում է, որ երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս կգա 2014 թվականին, երբ  կգրանցվի 0,6% տնտեսական աճ:

Share