Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Եվրոպական Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2013 թվականի առաջին եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, Եվրոգոտու երկրների ՀՆԱ-ն նվազել է 0,2%-ով: Նշենք, որ հաշվետու եռամսյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին Եվրոգոտու ՀՆԱ-ի անկման համեմատաբար ցածր ցուցանիշ (0,1%): Միևնույն ժամանակ, հաշվետու եռամսյակում Եվրամիության անդամ երկրներում ՀՆԱ-ն նվազել է 0,1%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՆԱ-ի առավել զգալի անկում գրանցվել է Կիպրոսում (-1,3%), Էստոնիայում (-1%), Չեխիայում (-0,8%), Իսպանիայում և Իտալիայում (-0,5%): ՀՆԱ-ի աճի համեմատաբար բարձր ցուցանիշ գրանցվել է Լիտվիայում (1,3%), Լատվիայում (1,2%) և Հունգարիայում (0,7%):

Նշենք նաև, որ 2013 թվականի առաջին եռամսյակում, 2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ, Եվրոգոտու երկրներում ՀՆԱ-ն նվազել է 1%-ով, իսկ Եվրամիության երկրներում՝ 0,7%-ով: Տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի առավել զգալի անկում գրանցվել է Հունաստանում` 5,3%, Կիպրոսում՝ 4,1%, Պորտուգալիայում՝ 3,9%, Իտալիայում՝  2,3%: Ցուցանիշի զգալի աճ գրանցվել է Լատվիայում և Լիտվայում՝ համապատասխանաբար 5,6% և 4,1%:

Share