Բաժին. Տնտեսական

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ. ՆԵՐԴՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԵՆՑ ԱՌԱՎԵԼ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԶԳԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Գերմանիայի էկոնոմիկայի Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն պրոֆեսոր Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը նախարարը վստահեցրել է, որ գերմանացի գործընկերների հետ իրականացվող համատեղ ծրագրերը և ձևավորված գործընկերային հարաբերությունները կկրեն շարունակական բնույթ և ցանկություն հայտնել՝ քննարկել ներդրումային նոր նախաձեռնություններ և գաղափարներ:

«Արտաքին ներդրումների ծավալների աճը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, և Էկոնոմիկայի նախարարությունն իր իրավասությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցելու առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը, որպեսզի ներդրողներն իրենց առավել պաշտպանված զգան Հայաստանում», – ասել է Էկոնոմիկայի նախարարը` հավելելով, որ կցանկանար լսել այն բոլոր խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են գերմանացի գործարարների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելուն:

Գերմանիայի էկոնոմիկայի արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդները նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմամբ և նոր նախագծերի շրջանակներում երկկողմ համագործակցությամբ:

Հանդիպման ժամանակ գերմանացի գործարարները Էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց ներդրումային ծրագրերը, մասնավորապես` արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Կողմերը քննարկել են նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման հնարավորությունները:

Նշենք, որ Գերմանիայի պատվիրակության կազմում եղել են Կառլսռուհեի առևտրի և արդյունաբերության պալատի արտաքին տնտեսական կապերի հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Վ. Հուբերը, Բադեն Վյուրտենբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Գ.Պիլարսկին և մի շարք գերմանացի գործարարներ:

Share